Իսրայելի արդարադատության գերագուն դատարանը հակասահմանադրական է ճանաչել օրենքը, որը թույլ է տալիս երեք տարի առանց դատի կալանքի տակ պահել անօրինական ներգաղթյալներին: Այդ օրենքն արդեն կիրառվել է շուրջ 2000 մարդու հանդեպ՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Խոսքը, մասնավորապես, Սուդանից և Էրիթրեայից ներգաղթյալների մասին է, որոնց սահմանը հատելուց հետո իսրայելցիները նրանց ուղարկում են բանտի նման ժամանակավոր կացարաններ, քանի որ նրանց արտաքսելու հնարավորություն չունեն:
Դատարանը ստանձնել է անհապաղ քննել ձերբակալված յուրաքանչյուր ներգաղթյալի գործը և բոլոր իրավաբանական ընթացակարգերն ավարտել 90 օրվա ընթացքում:
Իսրայելցի իրավապաշտպանները ողջունել են դատարանի վճիռը, իսկ Թել Ավիվի հարավային շրջաններում, որտեղ ամենից հաճախ բնակություն են հաստատում աֆրիկացիները, տեղի բնակիչները բողոքի ցույց են կազմակերպել. նրանք հանցագործության աճի համար մեղադրում են ներգաղթյալներին:







































