Սիրիայում մարդու իրավունքների հնարավոր խախտումներն ուսումնասիրող ՄԱԿ-ի հանձնաժողովը տեղեկացրել է երկրի հյուսիսում օտարերկրյա վարձկանների ակտիվ մասնակցությամբ զինված ապստամբների կողմից «հանցագործությունների կտրուկ աճի» մասին:
«Սիրիայի հյուսիսում հանցագործությունների և բռնությունների կտրուկ աճ է արձանագրվել, որոնք իրականացվում են հակակառավարական ծայրահեղական խմբավորումների կողմից զինված վարձականների ներգրավման ֆոնին»,- այսօր տեղեկացրել է հանձնաժողովի ղեկավար Պաոլո Սերժիու Պինեյրուն, ով իր զեկույցը ներկայացրել է Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով խորհրդի 24-րդ նիստի քննարկմանը։
«Վարձկաններից կազմված ամբողջ ջոկատներ են անցել Սիրիայի սահմանը։ Դրանցից ամենաակտիվներն էլ «Ալ-Մուխաջիրին» խմբավորման գրոհայիններն են»,- նշել է հատուկ հանձնակատարը:
Նա ընդգծել է, որ «տեղեկացվել են մեծ թվով սպանությունների մասին», որոնք իրականացվել են գրոհայինների կողմից, ներառյալ՝ կառավարական ուժերի զինվորների մահապատիժներն ու ալավիական գյուղերի (այդ համայնքներից է դուրս եկել նախագահ Բաշար Ասադը) խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունները, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:








































