Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի նախօրեին արած հայտարարության մեջ Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա գործադրված ճնշումների հստակ ակնարկ է արված: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
«Որքան էլ հայաստանյան որոշ քաղաքական գործիչներ ասեն, որ ճնշումներ չեն եղել, ակնհայտ է, որ դրանք եղել են: Ընդ որում, այդտեղ ամոթալի բան չկա: Դա իրողություն է, որը պետք է պարզապես ընդունել, և որի մասին պետք է ազնվորեն ասել: Միաժամանակ, հայտարարության մեջ մեզ համար մի փոքր հույսի նշույլ տեսա: Իրենք, ընկալելով մեր վիճակը, իհարկե՝ ոչ Ասոցացման պայմանագրի մակարդակով, սակայն կարող են որոշ հնարավորություններ, ելքեր ընձեռել մեզ»,- ասաց նա:
Հարցին՝ Շտեֆան Ֆյուլեի հայտարարությունից հետո որքա՞ն իրատեսական է համարում Ասոցացման համաձայնագրի կնքումը, Արա Պապյանը համոզմունք հայտնեց, որ բուն Ասոցացման պայմանագիր չի կնքվի: «Այդ պայմանագիրն իր հետ պարտադիր մաս ունի, այն է՝ Ազատ և համապարփակ առևտրի մասին համաձայնագիրը: Դրանք մեկ միասնության մեջ են, սակայն հնարավոր է՝ ինչ-որ ելք տրվի՝ Հայաստանի և ինչ-որ տեղ էլ սեփական դեմքը փրկելու համար»,- ասաց նա:
Ամփոփելով՝ Արա Պապյանը նկատեց, որ «Արևելյան գործընկերության» մեջ Հայաստանի կարգավիճակը նախադուռ կամ հնարավորություն կլինի ԵՄ-ի հետ հետագա հարաբերությունների զարգացման և խորացման համար: «Բայց եթե մենք դառնանք Մաքսային միության անդամ, այդ հնարավորությունների մեծ մասը հօդս կցնդի: Ով ինչ ուզում է ասի, Մաքսային միությունն ու Ասոցացման պայմանագիրն անհամատեղելի են: Իրականության մեջ դրանք համադրելն անհնարին է, իսկ խոսքի մակարդակով ինչ ուզես՝ կարող ես ասել: ԵՄ-ն ապագա էր, Մաքսային միությունը՝ խորը անցյալ»:
Լուսանկարը՝ Armenpress-ի









































