«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության նախկին թեկնածու Հակոբ Հակոբյանը (Ճոյտ):
– Պարոն Հակոբյան, ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին օրերին «Ծառուկյան» դաշինքում տեղի ունեցող իրադարձությունները։ Ձեր գործընկերները մեկ նշում են, որ ինքնաբացարկի դիմումներից տեղյակ չեն եղել՝ գնում նոր դիմումներ են գրում, մանդատ ստանում, մեկ էլ հայտարարում են, որ պատրաստ են վայր դնել մանդատները, եթե Ծառուկյանը այդպես ցանկանա։
– Այդ մարդիկ ստում են։ Բոլորս տեղյակ ենք եղել, ստորագրել ենք։ Եղել է քաղաքական համաձայնություն՝ այն թեկնածուն, որը քիչ քվեներ կստանա ժողովրդի կողմից, ապա անկախ նրանից, թե ցուցակի որ համարը կլինի՝ տեղը պետք է զիջի այն թեկնածուին, որն ավելի շատ քվե է ստացել։ Դա շատ ազնիվ որոշում էր, մենք այդպիսով չենք ոտնահարի ընտրողի իրավունքը։ Կարող էր, չէ՞, ընտրողը հարց բարձրացնել՝ մենք այս մարդուն շատ ձայն ենք տվել, ինչո՞ւ է ավելի քիչ քվե ստացողը դառնում պատգամավոր։
– Բայց Նապոլեոն Ազիզյանը, Վահան Կարապետյանը, Խաչիկ Մանուկյանը իրենց ընտրատարածքներում դաշինքից ամենաշատ թվով ձայներն են հավաքել…
– Բացի այդ պայմանավորվածությունից, կար երկրորդ պայմանավորվածությունը. յուրաքանչյուրը իր վրա վերցրած պատասխանատվությունը պետք է իրականացներ, բայց ձեր ասած մարդկանցից որևէ մեկը դա չի արել։
– Ի՞նչ պատասխանատվության մասին է խոսքը։
– Կար երկրորդ փաստաթուղթ, թե յուրաքանչյուրը քանի ձայն պետք է ունենա։
– Այսինքն՝ խոստացածից ավելի քի՞չ ձայն են հավաքել։
– Այո։ Եթե այդ մարդիկ գաղափարների շուրջ համախմբված մարդիկ են, ապա իրենց համար պետք է տարբերություն չլինի, թե այդ գաղափարներն ով պետք է տանի առաջ։ Եթե պարզապես մանդատի համար են գնում՝ պարզ երևում է։ Օրինակ՝ ի՞նչ տարբերություն՝ ես կգնա՞մ ԱԺ, թե՞ ոչ։ Կարևորն այն է, որ իմ տված խոստումները՝ 15 կետի շուրջ, իրականություն դարձնեն։
– Բայց կարծում եք՝ «Ծառուկյան» դաշինքում գաղափարի շուրջ համախմբված մարդի՞կ են։
– Այո, օրինակ՝ ես գաղափարի շուրջ եմ համախմբվել՝ ոռոգման ջրերի, կամերաների, տնտեսական ծրագրերի։ Ես իմ գաղափարները տարել եմ դրա շուրջ։ Պետք է այնպես անենք, որ ժողովրդի, գյուղացու խնդիրները թեթևացնենք։ Պետք է այնպես անենք, որ ժողովորդը «Փարոս» ծրագրից չօգտվի։ Ժողովուրդը պետք է աշխատի, ոչ թե ձեռքը տնկի՝ բարեգործներից բան խնդրի։ Մարդկանց, բացի աշխատանքից, ոչինչ չի հետաքրքրում. եթե մարդիկ աշխատանք ունենան, արժանավայել կապրեն։ Եթե մարդը չի կարողանում ու ընկել է տոկոսների տակ, ի՞նչ անի։ Ամբողջ տարին գյուղացին աշխատում է ու պարտքի տակ է… եթե մենք դա վերացնենք, ժողովրդի դեմքին ժպիտ կգա, բարձր տրամադրություն կունենան։ Մարդը ո՞նց ապրի, եթե աշխատանք չունի։ Այստեղից էլ գալիս է բոլորիս նկատմամբ անվստահություն՝ թե՛ քաղաքական ուժերի, թե՛ կուսակցությունների, թե՛ առհասարակ ընտրությունների նկատմամբ։
– Պարոն Հակոբյան, ի՞նչ եք կարծում՝ այս միջադեպը Ծառուկյանի վարկանիշի վրա ազդեցություն կունենա՞։
– Ես կարծում եմ, որ Ծառուկյանը մեկ օրում չի վաստակել իր այդ հեղինակությունը, նա տարիներ շարունակ մեզ բոլորիս ապացուցել է, որ ինքը քաղաքականության մեջ մարդ է, որ ուզում է ավելին վերցնել, որպեսզի բացի բարեգործություններից, պետական լծակներով էլ կարողանա մեր երկրում ծառացած խնդիրներին լուծում տալ։ Առաջին օրը չէ, որ Ծառուկյանը պետք է ապացուցի՝ ինքն ով է։ Մի օրվա մեջ հազարավոր նամակներ են գրում խնդրանքներով։ Ծառուկյանն ուզում է այդ խնդրանքները բարեգործական այնպես անի, որ դրանց փոխարեն մարդիկ գնան աշխատեն, իրենց հացը վաստակեն։ Հո Ծառուկյանի համար հեշտ չի՞։ Իր էությամբ այնպիսի մարդ է, որ չի կարողանում մերժել։ Բայց բարեգործությամբ երկիր չես պահի, պետք է հնարավորություն տանք, որ մարդն աշխատի։
– Ի՞նչ եք կարծում՝ կարո՞ղ է սաբոտաժ անող այդ անձինք ինչ-որ մեկի կողմից ուղղորդված լինեին:
– Չեմ կարծում, եթե նկատի ունեք իշխանություններին…
– Նաև։
– Ուրիշ մարդկանց կողմից չեմ կարծում, թե ուղղորդված լինի, բայց եթե նկատի ունեք իշխանություններին, ապա ես ձեզ հետ համակարծիք չեմ լինի, որովհետև իշխանություններին ձեռք չի տալիս, որ ընդդիմությունը թույլ ու պառակտված լինի։ Չէ՞ որ ցանկացած երկիր զարգանում է հենց ընդդիմության գործելաոճի շնորհիվ։ Եվ քանի որ 8 տարի ԱԺ պատգամավոր եմ եղել, կարող եմ ասել, որ ընդդիմության ցանկացած բարձրացրած հարց քննարկման առարկա էր դառնում՝ընդհուպ նախագահի մոտ։ Ինչքան ընդդիմությունն ուժեղ լինի, այնքան ավելի լավ կաշխատի իշխանությունը։







































