Սիրիայի ընդդիմության զինված թևը՝ Սիրիական ազատ բանակը, մերժել է երկրի քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու Ռուսաստանի նախաձեռնությունը: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Սիրիական ազատ բանակի հրամանատար Սելիմ Իդրիսին:
«Սիրիական ազատ բանակը հայտարարում է, որ կտրականապես մերժում է ռուսական նախաձեռնությունը, որը ենթադրում է քիմիական զենքի միջազգային վերահսկողություն»,- հայտարարել է Իդրիսը:
Երեքշաբթի Սիրիայի ընդդմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան ռուսական նախաձեռնությունն անվանել է «անընդունելի քաղաքական մանևրում»: Չորեքշաբթի սիրիական ընդդիմության մեկ այլ կազմակերպության՝ Ազգային կոորդինացիոն կոմիտեի ղեկավար Հեյսամ Մանաան հայտարարել է, որ ընդդիմությունն առաջարկել է Սիրիայի քիմիական զենքը հանձնել Ռուսաստանի վերահսկողությանը՝ մինչև անցումային կառավարության ձևավորումը:







































