Արաբկիր վարչական շրջանում մայթեզրի ծառերի հատումն իրականացվել է Արաբկիր վարչական շրջանի կանաչապատման ընկերության կողմից՝ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության դրական եզրակացության հիման վրա: Այս մասին տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` արձագանքելով սոցիալական ցանցում քաղաքա ցի Գոհար Աբաջյանի հնչեցրած մտահոգությանը:
Մինչ տվյալ ծառերի հատումը, տեղում կատարվել է տեղազննում, որի արդյունքում պարզվել է, որ զբոսայգու հարակից մայթեզրում առկա թվով երեք բարդիների բնամասերն ամբողջությամբ փտած են, ծառերը գտնվում են խիստ վթարային վիճակում և հնարավոր է տվյալ ծառերի տապալման վտանգ:
Ըստ այդմ, անվտանգության նկատառումներից ելնելով, բոլոր ագրոկանոններին համապատասխան իրականացվել են նշված ծառերի հատման աշխատանքները:
Ի դեպ, քաղաքացու կողմից հրապարակված լուսանկարները ևս ակնհայտ փաստում են, որ հատված ծառերն, իսկապես, եղել են փտած: Քաղաքապետարանը նշում է, որ վերոնշյալ այգին, որը բարեկարգվել է Երևանի քաղաքապետարանի զարգացման ծրագրով, գտնվում է մասնագետների մշտական հոգածության ներքո և հատված ծառերի փոխարեն էլ, հերթական ծառատունկի շրջանակում, Արաբկիր վարչական շրջանի համապատասխան ծառայության կողմից կտնկվեն նոր ծառեր:
Լուսանկարը` Գոհար Աբաջյանի ֆեյսբուքյան էջից









































