Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպությունում ցանկանում է ձեռք բերել դիտորդի կարգավիճակ. այստեղ անդամակցության մասին խոսք չկա: Այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ այս մասին նշեց արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ արձագանքելով «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի դիտարկմանը, թե՝ դեռ Մաքսային միությանն անդամակցելու որոշումից ուշքի չեկած՝ ականատես ենք լինում նոր անդամակցության որոշման:
Նալբանդյանն անդրադարձավ նաև սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշմանը: Նա նշեց, որ որոշումն ընդունելուց առաջ, երբ դեռ կազմվում էր կառավարության համապատասխան ծրագիրը, ըստ պայմանավորվածության՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրել է Հայաստանի և Մաքսային միության միջև համագործակցության բոլոր հնարավոր եղանակները, հետագա զարգացումները:
Նալբանդյանի խոսքով՝ քաղաքագետների, փորձագետների կարծիքները հաստատեցին, որ հնարավոր է այդ համագործակցությունը, ուստի դա զարգացում է, զարգացում է լինում, երբ որոշում են ընդունում՝ նկատի ունենալով բոլոր հանգամանքները: Նախարարը նշեց, որ հնարավոր են շտկումներ, կլինեն համապատասխան քննարկումներ:
Անդրադառնալով Շանհայի համագործակցության կազմակերպության կողմից հայտարարված շահերին, որոնք, ըստ Ա. Արզումանյանի, վտանգավոր են, Նալբանդյանը շեշտեց, որ այս համագործակցության շրջանակներում Հայաստանի շահերի դեմ ուղղված որևէ հայտարարություն չի եղել: Նախարարը նաև նշեց, որ Ադրբեջանը ևս խնդրել է դիտորդ դառնալ այդ կազմակերպությունում:
Հայաստանը ցանկանում է դիտորդի կարգավիճակ ձեռք բերել Շանհայի համագործակցության կազմակերպությունում և ակնկալում է Չինաստանի օժանդակությունն այդ հարցում: Սեպտեմբերի 10-ին Չինաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Չինաստանի վարչապետ Լի Կեցիանի հետ հանդիպմանը այս մասին նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:









































