Չորեքշաբթի Լիբիայի Բենղազի քաղաքում` արտգործնախարարության շենքի մոտ ուժեղ պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով ականատեսներին:
Զոհերի և տուժածների մասին չի հաղորդվում: Դեպքի վայրը շրջափակել են զինծառայողները:
Նախնական տվյալներով՝ պայթուցիկ սարքը գտնվել է նախարարության շենքի մոտ կայանած ավտոմեքենայում: Agence France-Presse գործակալության լուսանկարիչը հաղորդել է, որ շենքի մեծ մասն ավերվել է: Բացի այդ, պայթյունը լուրջ վնաս է պատճառել նախարարության շենքին կից Կենտրոնական բանկի գրասենյակին:
Ահաբեկչությունը տեղի է ունեցել Բենղազիում ամերիկյան դեսպանատան վրա հարձակման տարելիցի օրը։ Հիշեցնենք, որ ահաբեկչության հետևանքով զոհվել էր ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսը և առաքելության ևս երեք աշխատակիցներ:
Տեղի վերլուծաբանների գնահատմամբ՝ այս հարձակումը, հնարավոր է, «նվիրված» է 2001 թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչություններին:








































