Բարաք Օբաման լրագրողներին բացատրել է ԱՄՆ-ի դիրքորոշումը սիրիական հարցով՝ հատկապես կապված Մոսկվայի նոր նախաձեռնության հետ, որը վերաբերում է քիմիական զենքի վերահսկողությունը միջազգային հանրությանը փոխանցելուն: Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ, ինչպես նախկինում, նախընտրում է իրադրության կարգավորման դիվանագիտական ուղին ՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Եթե միջազգային հանրությունը ստանա Սիրիայում քիմիական զենքի նկատմամբ վերահսկողության այնպիսի սխեմա, որ կարողանա ստուգել և իրագործել այն, ապա ես ամբողջովին կողմ եմ»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:
Օբամայի խոսքով՝ ինքն արդեն այդ ամենի մասին խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և այդ թեմայով ռուսական կողմի հետ երկխոսությունը շարունակելու հանձնարարություն տվել պետքարտուղար Ջոն Քերիին: Հայտնի չէ՝ նա նկատի ուներ կոնկրետ նո՞ր նախաձեռնությունը, թե՞ ընդհանուր առմամբ սիրիական թեման:
Նրա խոսքով՝ նախաձեռնության իրականացման դեպքում Սիրիային հասցվելիք հարվածի հետաձգումը չի լուծի այդ երկրի հակամարտությունը: Օբաման նշել է, որ պատրաստ է քննարկել ցանկացած հնարավորություն, որը թույլ կտա խուսափել ռազմական ակցիայից:









































