«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այսօր, երեկոյան ժամը 20 անց 40-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում մահացել է «Բանդայի գործով» դատապարտյալ, 41-ամյա Արման Դալլաքյանը: Մեր տեղեկությունը հաստատեց ԱՆ ՔԿՀ-ների վարչության մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը:
«Այս պահին չեմ կարող ասել, որն է մահվան պատճառը, բժշկական փորձաքննություն է նշանակվել»,- մեր հարցին ի պատասխան ասաց Ղլեչյանը` հավելելով. «Ինքը մի քանի հիվանդություններ ուներ, բուժվում էր, շատ կտրուկ առողջական վիճակը վատացել էր, շտապօգնություն էին կանչել, կանչելուց 10 րոպե հետո մահացել էր»:
Հիշեցնենք՝ երկու տարի առաջ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչությունը Մյասնիկյան պողոտայում ձերբակալեց պաշտոնյաների տները ավազակային հարձակումների ենթարկած խմբի, այդ թվում՝ Արման Դալլաքյանին: Դալլաքյանի առողջական վիճակի վատացման մասին մամուլը պարբերաբար գրել է: Բերման ենթարկվելու հաջորդ օրը նա կտրած-ծակած վերքերով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, այնուհետև՝ ոստիկանության հոսպիտալ: Ոստիկանությունը նրան բերման է ենթարկել թմրանյութեր ապօրինի պահելու կասկածանքով, և հարցաքննության ընթացքում նա կտրող-ծակող գործիքով ինքն իրեն վնասվածքներ է պատճառել որովայնի շրջանում, ինչից հետո տեղափոխվել է հիվանդանոց ու վիրահատվել: Վերջին շրջանում Արմանը աչքի խնդիր է ունեցել:
Արման Դալլաքյանի հայրը` Ալբերտ Դալլաքյանը, մամուլում ասել է, որ իր որդուց ոստիկանությունում դաժան ծեծի միջոցով են ցուցմունքներ կորզել:
Արման Դալլաքյանը 3 երեխաների հայր էր: Դատապարտված էր քր.օր.-ի 4 հոդվածներով` 222 հոդվածի 1-ին, 183 հոդվածի 3-րդ, 268 հոդվածի 2-րդ և 175 հոդվածի 3-րդ մասերով:









































