«Շալկե»-ի նորեկ Քևին-Փրինս Բոատենգն այնքան էլ գոհ չէր Յուրգեն Կլոպի արտահայտություններից: Հիշեցնենք` Բոատենգի` «Շալկե» տեղափոխությունն անսպասելի էր և Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչը մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ իր կարծիքն է հայտնել այդ մասին:
«Ես շատ զարմացած եմ: Հաղորդագրություն եմ ուղարկել Բոատենգին և հարցրել թե ինչու «Շալկե»` ութ հարցական նշան դնելով բառերիցս հետո: Սակայն այդպես էլ պատասխան չստացա: Բոատենգը լավ երիտասարդ էր մինչև այս առավոտ»,- ասել է Կլոպը:
Այնուհետև Յուրգեն Կլոպը բազմաթիվ հայտարարություններ է արել, որ կատակել է: Բայց Բոատենգն, այնուամենայնիվ, պատասխանել է նրան:
«Կլոպի խոսքերը շատերին են ծիծաղելի թվացել, բայց ոչ ինձ: Մենք նրա հետ հիանալի հարաբերություններ ունենք: Այդ պատճառով դուք ինձնից վատ խոսքեր չեք լսի: Բայց այդ ասուլիսն ինձ, մեղմ ասած, զարմացրեց»,- նշել է Բոատենգը:









































