Տեղեկատվական անվտանգության մասնագետ Արուլ Կումարը թերություն է հայտնաբերել Facebook սոցցանցում, ինչը ցանցահեններին թույլ է տալիս ջնջել ցանկացած լուսանկար: Սրա համար նա սոցցանցի աշխատակազմից ստացել է 12.5 հազար դոլար՝ հաղորդում է Techcrunch-ը:
Ցանցահենը սխալը նկարագրել է իր բլոգում՝ նշելով, որ այդ թերության պատճառով ցանկացած մարդ կարող է ջնջել ցանկացած լուսանկար՝ տարբեր օգտատերերի և հանրային էջերից:
Այդ խոցելիությունը Facebook-ի՝ աշխատակազմին ուղղված բողոքների ստատուսը ստուգելու բաժնում է: Եթե օգտատերը բողոքում էր լուսանկարի դեմ, իսկ սոցցանցը որոշում էր չջնջել այն, նա հղում էր ստանում, որի օգնությամբ կարող էր մեկ այլ օգտատիրոջ խնդրել ջնջել այդ լուսանկարը ցանցից: URL հասցեում մի քանի թվի փոփոխությունը թույլ էր տալիս ջնջել ցանկացած լուսանկար:









































