Այսօր ֆրանսիական Դովիլ քաղաքում, որտեղ սկսվել է «Մեծ ութնյակի» գագաթնաժողովը, հանդիպել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ միջև երկու տարի առաջ հայտարարված «վերբեռնումը» կայացել է: Այս մասին հաղորդում է RIA-Novsti գործակալությունը:
«Վերջին երկու տարիների ընթացքում մեզ հաջողվել է հարաբերություններն այնպես բարելավել, որ դրանք հնարավոր է եղել «վերբեռնել»»,- ասել է Օբաման լրագրողներին: Ըստ Օբամայի` սա օգնում է ռազմավարական հավասարակշռության ապահովմանը:
Օբաման նաև ասել է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը պայմանավորվել են համագործակցել հակահրթիռային պաշտպանության ոլորտում, որպեսզի ռազմավարական հավասարակշռությունն ապահովվի երկու երկրների շահերին համապատասխան. «Մենք կշարունակենք երկխոսությունը ՀՀՊ համակարգերի շուրջ և պայմանավորվել ենք միասին աշխատել այնպիսի տարբերակի մշակման վրա, որը կհամապատասխանի երկու երկրների շահերին»,- ասել է Օբաման:
Մեդվեդևն իր հերթին կարծիք է հայտնել, որ ՀՀՊ ոլորտում համագործակցության հարցը մոտ ապագայում չի լուծվի, այն հնարավոր է լուծել մինչև 2020 թ.-ը:
«Ես արդեն ասել եմ Բարաքին, որ այս հարցը լուծվելու է ապագայում, հնարավոր է՝ 2020 թ.-ին, սակայն մենք պետք է նոր սերնդի քաղաքական գործիչների համար աշխատանքի հիմք դնենք, մենք ճիշտ հիմք պետք է ստեղծենք»,- ասել է Մեդվեդևը հանդիպումից հետո:










































