Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում կայացած Վրաստանի անկախության 20-ամյակին նվիրված ռազմական շքերթի ժամանակ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սուր քննադատության է ենթարկել Ռուսաստանին.
«Անկախության 20 տարիների ընթացքում մեր առանց այն էլ թույլ ինքնիշխանության նկատմամբ մշտապես հարձակումներ է գործում մեր զինված ու հուսահատ հարևանը, որն ունի ավելի մեծ տարածք ու պաշարներ և որոշել է ամեն գնով հասնել իր կայսրության վերականգնմանը: Ռուսաստանը ցանկանում է ԽՍՀՄ-ի վերականգնումը սկսել Վրաստանից:
Վերջին 20 տարիների ընթացքում Վրաստանը վերապրել է բազմաթիվ փոթորիկներ ու աղետներ, որոնք չի տեսել համաշխարհային պատմությունը: Մենք անցել ենք քաոսի ու խառնաշփոթի միջով: Սակայն կարողացանք ավերումներից, արյունահեղությունից, քաղաքացիական պատերազմից ու սովից հետո նորից ոտքի կանգնել»:









































