Ամերիկյան հատուկ ծառայություններն իմացել են 1980-88 թվականներին իրանա-իրաքյան պատերազմի ընթացքում Սադամ Հուսեյնի զորքերի կողմից քիմիական զենքի կիրառման մասին, սակայն ոչ միայն չեն կանգնեցրել Իրաքի իշխանություններին, այլև բազմիցս հետախուզական տվյալներ են տրամադրել հարձակումների իրականացման համար: Այս մասին հայտնում է Foreign Policy-ն:
Պարբերականը հղում է անում վերջերս հրապարակված արխիվային փաստաթղթերին, այդ թվում՝ ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի վարչակազմի զինվորական հրամանատարության ներկայացուցիչների հետ հարցազրույցին:
Ինչպես նշում է Foreign Policy-ն, ԱՄՆ-ն միշտ հերքել է իր կապն իրաքյան քիմիական հարձակումներին՝ հղում անելով այն բանին, որ Բաղդադն իրեն չի տեղեկացրել սեփական մտադրությունների մասին: Մինչդեռ ԱՄՆ օդուժի պաշտոնաթող գնդապետ Ռիկ Ֆրանկոնյի վկայությունները հակառակն են փաստում: Նա 1988-ին զբաղեցրել է Բաղդադում ԱՄՆ դեսպանությունում ռազմական կցորդի պաշտոնը:
Համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի, որոնց հղում է անում Foreign Policy-ն, ԿՀՎ-ին հայտնի է եղել, որ իրաքյան բանակը 1983-ին սկսել է քիմիական զենք կիրառել: Հարձակումների զոհ են դարձել խաղաղ բնակիչները: Իրանի իշխանությունները բազմիցս հայտնել են, թե ինչ է կատարվում, սակայն միջազգային հանրությունը նրանց հայտարարություններն անուշադրության է մատնել: Վերջնարդյունքում՝ հենց քիմիական զենքի կիրառումն է օգնել Իրաքին հաղթել պատերազմում՝ նշում է պարբերականը:








































