Բրիտանական The Guardian թերթը ստիպված է եղել համաձայնել Միացյալ թագավորության իշխանությունների պահանջին՝ ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի տրամադրած նյութերի չհրապարակման վերաբերյալ, որոնք սպառնում են ազգային անվտանգությանը: Այս մասին հայտնում է The Independent-ը:
The Independent-ի հավաստմամբ՝ Սնոուդենի ֆայլերի մի պատճեն պարունակող համակարգչի ոչնչացումից բացի, The Guardian-ի գլխավոր խմբագիր Ալան Ռասբրիջերը համաձայնել է սահմանափակում դնել այդ փաստաղթերի մասին ռեպորտաժների վրա:
Պարբերականի տվյալներով՝ իշխանությունները խնդրել են նաև չհրապարակել մանրամասներ այն մասին, թե ինչպես են երկրում կապի օպերատորները, ներառյալ՝ BT-ն և Vodafone-ը, գաղտնի համագործակցում Կապի կառավարական շտաբի էլեկտրոնային հետախուզության հետ՝ թույլ տալով նրան որսալ համացանցային թրաֆիքի վիթխարի ծավալ:
The Guardian-ի խմբագրությունում հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկությունները: Բրիտանական կառավարության աղբյուրները հայտնել են, որ կողմերի համաձայնությամբ՝ բանակցությունների բովադակությունը պետք է գաղտնի մնա:









































