ԱՄՆ իրավապահ մարմինները ձերբակալել են Սիերա-Լեոնեի քաղաքացու, որը մեղադրվում է 1000 տոննա ուրանի կոնցենտրատ վաճառելու փորձի համար: Նա մտադիր է եղել ուրանն ուղարկել Իրան, հաղորդում է Reuters գործակալությունը:
Հետաքննության տվյալներով՝ 33-ամյա Պատրիկ Քեմփբելը ձերբակալվել է օգոստոսի 21-ին Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում այն բանից հետո, երբ նրա ճամպրուկում հայտնաբերվել է ուրանի հումքի նմուշ: 2012 թ. Քեմփբելը Alibaba.com կայքում տեսել է գովազդային հաղորդագրություն, որում ամերիկացի բրոքերը, որն իբրև թե ներկայացնում է Իրանում որոշ մարդկանց շահերը, պատրաստակամություն էր հայտնել գնել ուրանի խոշոր խմբաքանակ: Իրականում այդ հայտարարությունը տեղադրվել էր ամերիկյան հատուկ ծառայությունների գործակալներից մեկի կողմից:
Բանակցություններից հետո աֆրիկյան երկրի քաղաքացին համաձայնում է գալ ԱՄՆ, որպեսզի ենթադրյալ գնորդը ստուգի ապրանքի որակը: Չի հաղորդվոմ, թե Սիերա-Լեոնեի քաղաքացին որտեղից է մտադիր եղել ձեռք բերել 1000 տոննա ուրանի կոնցենտրատ:
Քեմփբելին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում և տուգանք՝ 1 միլիոն դոլարի չափով:









































