ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստ է գումարել՝ Սիրիայում քիմիական զենքի հնարավոր կիրառության վերաբերյալ նոր հաղորդագրության հետ կապված: Փակ դռների հետևում ընթացող հանդիպման ընթացքում վերջին լուրերի մասին ԱԽ անդամներին կտեղեկացնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասոնը:
Պակիստանի ներկայացուցիչ Մասուդ Խանը լրագրողներին հայտարարել է, որ ԱԽ անդամները պատրաստվում են «խորացված խորհրդակցություններ» իրականացնել, որոնց արդյունքում էլ, հնարավոր է, կընդունվի միջադեպի հետ կապված հայտարարությունը: Դրա համար, սակայն, անհրաժեշտ կլինի խորհրդի բոլոր 15 անդամ երկրների համաձայնությունը, հաղորդում է ITAR-TASS-ը:
Դամասկոսի մերձակայքում զարին գազ կիրառելու մասին այսօր հայտարարել են սիրիացի ապստամբները, իսկ նրանց հայտարարությունը տարածվել է մերձավորարևելյան և ամերիկյան հեռուստաալիքներով: Ըստ տվյալների՝ զոհերի թիվը տատանվում է մի քանի տասնյակից մինչև մի քանի հազարի միջև:
Պաշտոնական Դամասկոսը հերքում է այդ տեղեկատվությունը:







































