Դոնալդ Թրամփի անցումային թիմի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը հրավիրել է Թրամփի վարչակազմին Սիրիայի հարցով առաջիկա բանակցություններին, որոնք կկայանան Աստանայում։ Այս մասին հայտնում է Washington Post-ը։
Պարբերականի տվյալներով՝ հրավերը ստացվել է Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինի և ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հեռախոսազրույցի ընթացքում, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 28-ին։
«Ներկա պահին չունեմ հավելյալ տեղեկություն (Աստանայի բանակցություններին) ԱՄՆ-ի ներկայության վերաբերյալ»,-մեջբերում է պարբերականը Թրամփի անցումային թիմի անանուն աղբյուրի խոսքերը։ Նրա փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում վերջնական որոշում չի ընդունվել։
Ավելի վաղ Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել էր, որ ԱՄՆ-ը դեռևս չի ստացել Աստանայում հանդիպման որևէ պաշտոնական հրավեր, սակայն այդ նախաձեռնության հարցով մշտական կապի մեջ է և՛ Թուրքիայի, և՛ Ռուսաստանի հետ։









































