Մարզերի բնակիչների պետպատվերի շրջանակում Երևանում բուժօգնության ստանալու միտումը Բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի պետ Սամվել Խարազյանի տեղեկացմամբ՝ պայմանավորված է մարզերում հատուկ դժվարամատչելի հետազոտությունների, տեխնիկական միջոցների սակավությամբ կամ բացակայությամբ: Նրա տվյալներով՝ մասնագիտացված ծառայություններ կան, որ մարզերում չկան: Հիմնականում Երևանի որոշակի կենտրոններում են դրանք իրականացվում:
Սամվել Խարազյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրություններ են կատարել ուղեգրումների հիմնական պատճառներն ուսումնասիրելու համար: Մարզերի բնակիչների՝ Երևանի բուժհաստատություններում սպասարկվելու դեպքերի մեծ մասը այն վիրահատություններն են, որոնք մարզերում իրականացնելու հնարավորություն չկա:
Մյուս պատճառն էլ մարզերում մասնագետների պակասն է:
«Մարզերում մասնագետների պակասի հարցը նախարարությունը լուծելու փորձ է կատարում: Մասնագետներին մարզեր գործուղելու ծրագիր է իրականացվում արդեն մոտ հինգ տարի: Մասնագետները Երևանից գործուղվում են համապատասխան բուժհիմնարկ, ընդ որում՝ պահպանվում են և՛ նրա աշխատավարձը, և՛ այնտեղ այդ վիրահատությունների համար վարձատրությունները»,- ասաց Բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի պետը:
Նրա կարծիքով՝ այստեղ մասնագետ ուղարկելու անհրաժեշտություն է լինում մեծ մասամբ բժշկական նեղ մասնագիտացված կազմակերպություններից, որոնք հիմնականում մասնավոր ընկերություններ են: Նախարարությունը փորձում է բուժհիմնարկի հետ կնքած պայմանագրով պայման դնել, որ անհրաժեշտության դեպքում բուժհիմնարկները պարտավոր են այդ մասնագետին ուղեգրել մարզ սահմանված կարգով: Բժիշկներին լրացուցիչ գումար է տրվում գործուղման, նաև տան վարձակալության և այլ ծախսերի համար: Բացի դրանից՝ նաև բուժհիմնարկում պահպանվում է աշխատավարձը. դրա համար պետությունը լրացուցիչ գումար է տրամադրում բուժհիմնարկին, որ այդ աշխատավարձը պահպանվի: Նույն սկզբունքով՝ նա որոշակի վարձատրություն է ստանում արդեն որպես մասնագետ:
«Այս տարվա մայիսին, առողջապահության նախարարի հրամանի համաձայն, մարզերի բնակիչները պետպատվերով բուժօգնություն կստանան իրենց տարածաշրջանում, որոշ նեղ մասնագիտական խնդիրների դեպքում՝ բացառություններով: Սրա հիմանական նպատակն այն էր, որ շատ դեպքերում հղին կամ մինչև յոթ տարեկան երեխան, եթե սերտիֆիկատ ունեն, դիմեն իրենց տարածքային բուժհաստատություն: Նախկինում նրանք միանգամից դիմում էին Երևանում մասնագիտացված բժշկական հաստատություններ:
Քանի որ ֆինանսավորումն ըստ դեպքի է, բուժհիմնարկը պետք է որոշակի դեպքեր սպասարկի, որպեսզի ֆինանսավորվի: Քանի որ մարզերից գալիս էին Երևան, բնականաբար, մարզային բժշկական կազմակերպությունը ոչ մի դեպք չէր ունենում, հետևաբար նրա ֆինանսական վիճակն էր անկայուն դառնում»,- ասաց Սամվել Խարազյանը:
Ըստ նրա՝ որոշում կայացվեց նաև «Մարզերի համաչափ զարգացման » ծրագրի շրջանակում, որ այն դեպքերում, երբ կարող են բուժօգնությունը տեղում կազմակերպել, որևէ անհրաժեշտություն չկա նեղ մասնագիտական կամ տեխնիկական միջամտության, թույլ չտալ, որ Երևան հասնեն:







































