Ուկրաինական հասարակական Відсіч («Հետմղում») շարժումը կոչ է արել երկրի բնակչությանը բոյկոտել ռուսական ապրանքները: Համապատասխան նախաձեռնությունը հրապարակվել է կազմակերպության Facebook-ի էջում:
Այն կապված է «ռիսկային» ցուցակի մեջ առանց բացառության ուկրաինական բոլոր ապրանքներն ընդգրկելու ՌԴ մաքսային ծառայության որոշման հետ, ինչը, ըստ պնդումների, անորոշ ժամանակով լիովին արգելափակում է Ուկրաինայից Ռուսաստան ապրանքների ներկրումը:
«Ճի՞շտ է արդյոք, թե՞ ուղղակի վախեցնում են, բայց Ուկրաինայի հետ Կրեմլի մսի, պանրի, շոկոլադի և այլ ապրանքների պատերազմն ուղղակի հոգնեցրել է»,- պնդում են Відсіч-ի ներկայացուցիչները՝ առաջարկելով բոյկոտին միանալ բոլոր ոչ անտարբերներին: Ակտիվիստները նաև նշում են, որ ռուսական ապրանքները կարելի է ճանաչել շտրիխ-կոդի առաջին երեք թվերով (460-469):
Հայտնի էր դարձել, որ ռուս-ուկրաինական սահմանին ուկրաինական ապրանքներով բեռնատարներին ստիպում են դատարկել ապրանքը և այն մանրակրկիտ զննում են, ինչի հետևանքով մատակարարումները ժամանակին չեն արվում, իսկ ապրանքի գինն ավելանում է:
Ռուսաստանի մաքսային ծառայությունն այդ լուրերը հրաժարվել է մեկնաբանել: ՌԴ կառավարությունում հավաստիացրել են, որ կառավարության մակարդակով նմանատիպ ոչ մի որոշում չի ընդունվել, և այդ նախաձեռնությունը պատկանում է բացառապես մաքսայիններին:











































