Երեկ կայացել է ՀՖՖ գործկոմի նիստը, որի ժամանակ որոշում է կայացվել մերժել Ա. Անդրիասյանին անցանկալի անձ հայտարարելու կարգապահական կոմիտեի առաջարկը` բավարար համարելով Կարգապահական կոմիտեի կողմից սահմանված պատժամիջոցը (զրկել ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից 10 խաղով):
Անդրիասյանին անցանկալի անձ չճանաչելու որոշումն իսկապես ողջունելի է, սակայն ինչու պիտի ԶԼՄ-ների մեծ մասը միայն նիստի ավարտից հետո տեղեկանային այդ մասին, եթե Ռուբեն Հայրապետյանն իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ նիստը բաց է լինելու բոլոր լրագրողների համար: Ինչպես պարզվում է այն բաց է եղել միայն ցանկալի ԶԼՄ-ների լրագրողների համար:
Բնանականաբար «Առաջին լրատվական»-ը փորձեց ճշտել` ի՞նչ պատճառով ՀՖՖ-ն չի տեղեկացրել այդ մասին:
«Ինձ ասել են միայն մարզական լրատվամիջոցներին հրավիրեմ»,- պատասխանեց ՀՖՖ մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը: Այդուհանդերձ մեզ հաջողվեց ճշտել, որ մարզական ԶԼՄ-ների մի մասն էլ հրավեր չի ստացել:
Չփորձելով քաղաքականացնել այս ամենը, առավելևս, որ ոչ մի տարօրինակ որոշում չի կայացվել վերոնշյալ նիստի ժամանակ, մնում է միայն հուսալ, որ հաջորդ անգամ ԶԼՄ-ների մեջ խտրականություն չի դրվի:



































