Թուրքական Dünya Bülteni լրատվական պորտալի փոխանցմամբ՝ այն բանից հետո, ինչ նոր Սահմանադրության նախագիծը ներկայացվեց խորհրդարանի դիտարկմանը, հայտնի դարձավ նախագահական հաջորդ ընտրությունների անցկացման ժամկետը։
Նոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ նախատեսվում է 2019 թվականին Թուրքիայում անցկացնել միանգամից 3 ընտրություն։
ՏԻՄ ընտրությունները ծրագրված է անցկացնել 2019 թվականի մարտին։ Ստույգ ժամկետը դեռ հստակեցված չէ։ Որոշվել է խորհրդարանական ու նախագահական ընտրություններն անցկացնել միաժամանակ։
Այդ երկու ընտրությունների անցկացման համար ժամկետ է որոշվել 2019 թվականի նոյեմբերի 3-ը։ Նոր սահմանադրության նախագիծն արդեն իսկ համաձայնեցված է իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) և ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) կողմից։
Հիշեցնենք, որ Ռեջեփ Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ը Թուրքիայում իշխանության է եկել 2002 թվականի նոյեմբերի 3-ին երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ հավաքելով քվեների 34.28 տոկոսը և 550 հոգանոց խորհրդարանում ստանալ 363 մանդատ։









































