ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շաբաթ օրը ընտանիքի հետ ժամանել է Մարտաս-Վինյարդ կղզի, որը մոտ է Մասաչուսեթս նահանգի ծովափին: Այնտեղ նախագահական ընտանիքը կանցկացնի իր հանգստի մի քանի օրը: Ենթադրվում է, որ երկրի ղեկավարի արձակուրդը կտևի մինչև օգոստոսի 18-ը:
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին հաղորդել է լրագրողներին, որ այդ ընթացքում Օբաման մտադիր չէ հանրային հանդիպումներ ունենալ: Ճիշտ է, չի բացառվում ավանդական այցը գրախանութ, որը, որպես կանոն, իրարանցում է առաջացնում տեղի բնակչության և մամուլի ներկայացուցիչների շրջանում: Պատահական է թե ոչ, բայց նախագահը շատ լավ գովազդում է այն գիրքը, որը գնում է արձակուրդի ընթացքում կարդալու համար:
Շքեղ Մարտաս-Բինյարդ հանգստավայրում նախագահն առաջին անգամ չէ, որ հանգստանում է: Նախկինում նրա ընտանիքը կղզում վարձակալում էր «Բլյու հերոն» առանձնատունը, որի ընդհանուր տարածքը 12 հա է:








































