Չինաստանի Բարեփոխումների ու զարգացման ազգային հանձնաժողովի փոխնախագահ Լյու Տինան հեռացվել է Կոմկուսից և զբաղեցրած պաշտոնից՝ հայտնում է BBC-ն: Որպես հեռացման պատճառ նշվում է կաշառակերության փաստը:
Լյուն մասնավորապես մեղադրվում է նրանում, որ օգնել է իր հարազատների ընկերություններին՝ նրանց համար ապահովելով տարբեր արտոնություններ և շահավետ պատվերներ: Դրա դիմաց նա գումար և նվերներ է ստացել:
Չինաստանի Կոմկուսի կենտրոնական հանձնաժողովը նրան «բարոյական դեգենարատ» է անվանել: Թե ինչ է նկատի առնվել այդ տերմինով` չի պարզաբանվում:
Ներկայում Չինաստանի իրավապահ մարմինները պաշտոնյայի գործունեության հետաքննություն են անցկացնում: Նրա մասնակցությամբ սկանդալը սկսվել է անցած տարվա վերջին, երբ հայտնի չինացի լրագրող Լյուո Չանպինը նրան կոռուպցիոն մեղադրանք առաջադրեց:







































