Այսօր լրագրողների հետ հանդիպման սկզբում, մինչ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին անդրադառնալը և իր տեսակետներն ու դիտարկումները ներկայացնելը, ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի հարցերով փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը նախ ցանկություն հայտնեց կիսվել իր տպավորություններով: Օրեր առաջ խորհրդաժողովի մասնակցելու նպատակով նա գտնվում էր Արցախում:
«Ես տեսնում եմ, որ տարեցտարի Ղարաբաղը բարելավում է իր սոցիալ-տնտեսական վիճակը: Կարող եմ նույնիսկ ասել, որ այն այսօր զգալիորեն տարբերվում է մյուս՝ նախկինում չճանաչված, այսօր արդեն ճանաչված հանրապետություններից. օրինակ, Աբխազիայից և Հարավային Օսիայից՝ թե սոցիալ-տնտեսական, թե կառավարման համակարգերի տեսանկյունից»:
Ալեքսանդրովի կարծիքով, Ղարաբաղը վաղուց հասունացել է անկախության և դրա ճանաչման համար: Սակայն մի շարք արտաքին գործոնների ազդեցությամբ այդ պրոցեսը խոչընդոտվում է:
Ըստ բանախոսի՝ լարվածությունն ամեն օր մեծանում է, և դա երևում է թե՛ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններից, թե՛ ձեռնարկած գործողություններից: Սակայն արևմտյան շատ չինովնիկներ, Ալեքսանդր Միխայիլովի դիտարկմամբ, իրենց հայտարարություններում այդ ամենի պատասխանատու են համարում 2 կողմերին. «Այսինքն՝ ռազմատենչ հայտարարություններ արվում են Ադրբեջանի կողմից, սակայն համապատասխան կոչերում նշվում է, թե կողմերը պետք է հանգստանան, նվազեցնեն հռետորությունը՝ անտեսելով, թե ո՛ր կողմն է իրականում հանդիսանում լարվածության աղբյուր: Ստացվում է, որ թե՛ ագրեսորն է մեղավոր, եթե ռազմական գործողությունները վերսկսվեն, թե՛ ագրեսիայի զոհը»:
Արևմուտքի կողմից իրականացվող այս քաղաքականությունը փորձագետը համարում է վտանգավոր:
Այս ամենը նա պայմանավորում է ԱՄՆ-ի՝ Ղարաբաղյան հարցը շուտափույթ կարգավորելու մտադրությամբ, և կարծում է, որ նախապատրաստվում են որոշակի քայլեր, որպեսզի ստիպեն Ղարաբաղին գնալ որոշակի զիջումների: