ԱՄԿ-ԱԻՄ գործունեության լուսապսակը կարելի է համարել «Անկախության հանրաքվեի ճանապարհով» ծրագրի որդեգրումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Նա նշեց, որ հայ ժողովրդի վերջին տասնամյակների ռազմավարական նշանակության ձեռքբերումը հայկական պետականության վերականգնումն է, մյուս բոլոր հաջողություններն ու հաղթանակները մեր պետականության վերականգնման ածանցյալներն են, իսկ անհաջողությունները, որոնք չարակամները վերագրում են անկախությանը, բազմակի ավելի կլինեին:
Ըստ նրա, եթե Հայաստանը չդառնար անկախ պետություն և մնար Ռուսաստանի հետ, այսինքն՝ նրա կազմում, ապա Հայաստանն այսօր կոչվելիս կլիներ Հարավկովկասյան հանրապետություն և կունենար առավելագույնը կես միլիոն ստրկամիտ, ռուսախոս բնակչություն, սակայն դա տեղի չունեցավ, և հայ ժողովուրդը դարձավ կոմունիստական բռնապետությունը տապալող հիմնական ուժը, իսկ նրա անկախության համար պայքարող Ազգային միացյալ կուսակցությունը, լինելով ԽՍՀՄ-ում անընդմեջ գործող միակ ժողովրդավարական կազմակերպությունը, դարձավ բոլոր ազգերի սկզբունքային այլախոհներին միավորող միջազգային կազմակերպություն:
«ԱՄԿ-ԱԻՄ գործունեության լուսապսակը կարելի է համարել «Անկախության հանրաքվեի ճանապարհով» ծրագրի որդեգրումը: Դա տեղի է ունեցել 40 տարի առաջ՝ օգոստոսի 10-11-ը տեղի ունեցած ԱՄԿ ղեկավարության արտագնա նիստում: հասկանալի է, որ օրը պատահական չէ ընտրված: Եթե մենք քաղաքակիրթ ժողովուրդ լինեինք, այս իրադարձության 40 ամյակը տարվա հիմնական նյութը կլիներ: Սակայն առայժմ միայն ԱԻՄՆ-ն է նշում արդեն ավանդական դարձած ասուլիսով և 40 տարի առաջվա երթուղով իրականացվող արշավով»,- ասաց Պարույր Հայրիկյանն՝ իրազեկելով, որ արշավը կսկսվի օգոստոսի 10-ին ժամը 15.00-ին՝ Դավիթաշենից, կամ 16.00-ին՝ Գայի արձանի դիմացից: Սեփական փոխադրամիջոցներով արշավին մասնակցել ցանկացողները կարող են միանալ՝ զանգահարելով 36 94 46 կամ 094 91 81 28 հեռախոսահամարներով:
Լուսանկարը PanARMENIAN Photo-ի









































