Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին երկուշաբթի հայտարարել էր Ջեյմս Ուորլիքին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակելու որոշման մասին: Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ողջունեց վերջինիս չափազանց կարևոր պարտականության ստանձնման կապակցությամբ՝ հիշեցնելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խոստման մասին: Նա խորհուրդ տվեց Ջեյմս Ուորլիքին ուղղորդվել այն խոստմամբ, որը Բարաք Օբաման տվել էր նախագահի պաշտոնը ստանձնելիս:
«Բարաք Օբաման խոսք էր տվել աշխատել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ՝ առաջնորդվելով ժողովրդավարության և ինքնորոշման ամերիկյան արժեքային համակարգով: Այսպիսով, սրանք էին նախագահի առաջնահերթությունները՝ ազատություն, ինքնորոշման իրավունք և ժողովրդավարություն, որոնք էլ հակամարտության հանգուցալուծման ուղեցույցն են»,- նկատեց Արամ Համբարյանը:
Վերջինիս կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում Ուորլիքը նշանակվեց, որովհետև բավականին փորձառու դիվանագետ էր, իսկ այդ փոփոխությունն իրականացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցային գործընթացի շարունակականության համար: Արամ Համբարյանն ընդգծեց, որ ունեն լուրջ անհանգստություններ Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ, բայց խստագույնս աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբին, որպես ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի միակ պլատֆորմ և գաղափար:
Հիշեցնենք, որ Ուորլիքն իր պարտականությունները կստանձնի սեպտեմբերից: Նախկինում նա եղել է Աֆղանստանի և Պակիստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի տեղակալը։ Մինչ այդ նա զբաղեցրել է Բուլղարիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը (2009-2012) և այլ կարևոր պաշտոններ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտում։









































