Հազարավոր ամերիկացիներ երրորդ օրն անընդմեջ մասնակցում են բողոքի ցույցերին՝ կապված ԱՄՆ նախագահի պաշտոնում հանրապետական Դոնալդ Թրամփի ընտրվելու հետ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Ցույցեր են անցկացվել Մանհեթենի կենտրոնում գտնվող Վաշինգտոն սքվերում, որտեղ մասնակիցները բղավել են կարգախոսներ ընդդեմ Թրամփի։ Ցուցարարներից մեկը՝ 65-ամյա Լեսլի Հոլմսը, մասնավորապես դեմ է հանդես գալիս մուսուլմանների ու անօրինական ներգաղթյալների հանդեպ Թրամփի ծայրաստիճան կոշտ դիրքորոշմանը։ «Ես չեմ ցանկանում ապրել երկրում, որտեղ իմ ընկերները տեղ չունեն»,-նշել է նա։ Ցուցարարները բողոքի ակցիա են անցկացրել նաև մեգապոլսի կենտրոնի Trump Tower երկնաքերի առջև, որտեղ տեղակայված է միլիադատիրոջ բիզնես-կայսրության շտաբ-բնակարանը։
Մայամիում հարյուրավոր ցուցարարները երթով անցել են քաղաքի մայրուղիներից մեկով՝ փակելով երթևեկությունը։ Բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Ատլանտայում, Չիկագոյում, որտեղ ցուցարարները հավաքվել են Թրամփին պատկանող շենքերի մոտ՝ վանկարկելով. «Նա մեր նախագահը չէ»։
«Առաջին անգամ ունենք առաջնորդ, որից ես վախենում եմ»,-խոստովանել է 27-ամյա Էշլ Նեյջելը, ով միացել է Դենվերի հարյուրավոր ցուցարարներին։
Ակցիաները, որոնք հիմնականում խաղաղ բնույթ են կրում, անցկացվում են նաև Վաշինգտնում, Լոս Անջելեսում, Լաս Վեգասում, Փորթլենդում, Միննեապոլսում և այլ քաղաքներում։









































