«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է «Արևելք» ռազմավարական վերլուծական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Ափինյանը:
–Պարոն Ափինյան, «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ, Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, պահեստազորի գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն օրերս հանդես է եկել հայտարարությամբ՝ աշխարհազորային ջոկատների հրամանատարներին խնդրելով մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը: Ի՞նչ են նախազգուշացնում այսպիսի կոչերը:
-Հայաստանի Հանարապետությունում գործում է հստակ համակարգ, գոյություն ունեն զինկոմիսարիատներ, որոնք ունեն օրենքով սահմանված լիազորություններ և վտանգի դեպքում համապատասխան հրամանի առկայության պարագայում իրականցնում են իրենց գործառույթները: Ինչ վերաբերում է կոչերին, ապա մենք նախապատերազմական իրավիճակում ապրող հասարակություն ենք, և սթափ և զգոն լինելը երբեք ավելորդ չէ մեզ համար: Կրկնում եմ՝ գոյություն ունի հստակ համակարգ՝ բանակ, երկրի գլխավոր գերագույն հրամանատար, և անհրաժեշտության դեպքում կիջեցվեն հրամաններ, որոնք կհասցվեն վերջնական սպառողին՝ համապատասխան հրահանգներով:
Մենք երբևէ իրավասություն չունենք կորցնելու մեր զգոնությունն ու սթափությունը, որովհետև տարածաշրջանը լեցուն է վտանգներով, որոնց հիմնական մասը կանխատեսելի են, բայց գոյություն ունեն նաև առաջին հայացքից չերևացող վտանգներ, դժվարին և բարդ իրավիճակում ենք, և տարածաշրջանը դժվարին աշխարհաքաղաքական վիճակում է, և մենք պարտավոր ենք մշտապես լինել զգոն և զգաստ:
-Այս փուլում, երբ Ադրբեջանում նոյեմբերի 11-18-ը լայանծավալ զորավարժություններ են անցկացվելու, պատերազմական լայնամասշտաբ գործողությունների վերսկսումը որքանո՞վ եք հավանական համարում:
-Բլից-կրիգի խնդիրը Ադրբեջանում, կարծում եմ, կա, և պահային հարձակումների հավանականությունը բավականին մեծ է, այսինքն՝ այնպիսի հարձակումների, որոնցով նրանք կփորձեն սահմանափակ միջոցներով հիմնական հարված հասցնել: Այդպիսի մարտավարության հավանականությունը բավականին բարձ է՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի նախագահի աթոռին կառչելու հիմնական նախապայմաններից մեկը և ամրապնդող մեխանիզմը հակահայկականությունն է և հակահայկական գործողությունները: Մարտական գործողությունների վտանգը առկա է. Ալիևի իշխանությունը սեփական դիրքերն ամրապնդելու հրամայականից դրդված, կարծում եմ, առաջիկայում կկատարի նմանատիպ գոծողությունների փորձ:
Ինչ վերաբերում է անակնկալ հարձակումներին, կարծում եմ, որ դրանց վտանգի աստիճանը կշարունակվի մնալ բավականին բարձր: Բայց մյուս կողմից, մեր Զինված ուժերը, ի փառս իրենց, պետք է խոստովանենք, որ բավականին բարձր մարտական պատրաստվածություն ունեն:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:









































