ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի մի քանի սկանդալային խոստումներ անհետացել են նրա պաշտոնական կայքից՝ հայտնում է BBC-ն։
Խոսքը մասնավորապես մուսուլմանների մուտքի լիովին արգելման առաջարկի մասին էր կալիֆորնիական Սան-Բերնարդինո քաղաքում տեղի ունեցած հրաձգությունից հետո, ինչպես նաև կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրի չեղարկման խոստման մասին։
Թրամփի ընտրական շտաբի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել կայքում տեղի ունեցած փոփոխությունները։
Երեկ ավելի վաղ նա խոստացել էր պաշտոնավարման սկզբնական շրջանում նվազեցնել հարկերը, չեղարկել Օբամայի առողջապահական բարեփոխումը, ինչպես նաև զբաղվել միգրացիայի խնդրով։ «Ես կարծում եմ, մենք միանգամայն զարմանալի բաներ կանենք ամերիկացիների համար»,-ասել է Թրամփը։











































