Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ղեկավար Փոլ Ռայանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում իր պաշտոնավարության մեկնարկից հետո պետք է շատ արագ սկսի զբաղվել այնպիսի հարցերով, ինչպիսիք են ներգաղթն ու առողջապահությունը։
Ելույթ ունենալով Ռայանի գրասենյակում՝ Թրամփը լրագրողներին հայտնել է. «Ինչպես գիտեք, մենք մտադիր ենք նվազեցնել հարկերը։ Կարծում եմ, որ մենք պատրաստվում ենք մեր ժողովրդի համար անել մի շարք բացարձակապես տպավորիչ բաներ»։
Ավելի վաղ Թրամփը հանդիպել էր ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի հետ և քննարկել է բազմաթիվ հարցեր՝ ներառյալ խնդրահարույց հարցերը։ Օբաման հանդիպումը որակել էր որպես հիանալի։









































