Թուրքիայում հայերի անձնագրերի հատուկ առանձնանշումները ուղղված են ազգային խտրականությանը: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն Արա Պապյանը՝ նկատելով, որ սա ցավալի ու վտանգավոր գործընթաց է:
Նրա խոսքով՝ մահմեդական փոքրամասնությունների հանդեպ այդ երկրում երբեք հետապնդումներ չեն իրականացվել, մինչդեռ քրիստոնյաների հանդեպ՝ մշտապես: «Այս նախաձեռնությունը մտահոգության տեղիք է տալիս: 1923 թվականի Լոզանի պայմանագրով Թուրքիան պարտավորվել էր խտրական վերաբերմունք չդրսևորել ազգային փոքրամասնությունների հանդեպ, մինչդեռ այսօր այդ երկիրը չի կատարում իր խոստումը և սեփական քաղաքացիների պաշտպանության միջազգային պարտավորությունը չի կատարում: Ի դեպ, նախկինում հայերի առանձնացման կոդը Թուրքիայում 031-ն էր, վերջին 10-12 տարիներին այդ կոդը փոխվել է՝ 02»,- ասաց Արա Պապյանը:
Ասուլիսի մյուս բանախոս՝ թուրքագետ Արտակ Շաքարյանն էլ իր հերթին նկատեց, որ հայերի հանդեպ նման վերաբերմունքը, մասնավորապես՝ անձնագրերի նշագրումները, Թուրքիայի Հանրապետությունը ժառանգել է Օսմանյան Թուրքիայից: «Այս երևույթի արմատները դեռ Ցեղասպանության ժամանակներից են գալիս: Խտրականությունը հայերի հանդեպ եղել է և շարունակվում է նաև այսօր: Եթե հայերի սերունդները վախից կամ մեկ այլ բանից դրդված մոռանում են իրենց արմատները, ապա թուրքական պետությունը՝ երբեք»,- նկատեց նա:
Թուրքագետ, լրագրող Լիլիթ Գասպարյանն էլ նկատեց, որ ժողովրդավարացումը Թուրքիայում ձևական բնույթ է կրում: «Այդ երկիրը միշտ էլ խտրական վերաբերմունք է դրսևորել ազգային փոքրամասնությունների հանդեպ: Ես, որ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չէի, այլ ընդամենը գործի բերումով ժամանակավորապես ապրում էի Թուրքիայում, շատ հավաստի աղբյուրներից տեղեկացա, որ իմ մասին Ազգային անվտանգությունում 4 ծրար տեղեկատվություն կա՝ ում հետ եմ խոսում, ովքեր են ինձ այցելում և այլն: Մի բան էլ. եթե հայտնվում ես թուրքական ոստիկանությունում, և անձնագրիդ մեջ 02 կոդն է, ուրեմն անկախ ամեն ինչից՝ դու արդեն մեղավոր ես»,- ասաց նա՝ պատմելով, որ հայ ընկերներից մեկը ոստիկանական բաժանմունքում վեը ասվածը զգացել է սեփական մաշկի վրա:
Քննարկմանը տեսակամուրջով միացած լրագրող, թուրքական IMC հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Արիս Նալչին իր հերթին նկատեց, որ հայերի անձնագրերի գաղտնագրումները նպատակ ունեն պարզելու՝ ովքեր են հատկապես քրիստոնյա: «Թուրքիայում հույների կոդը 1-ն է, հայերինը՝ 2-ը, իսկ հրեաներինը՝ 3-ը: Սակայն հատուկ կոդեր ունեն թուրքաբնակ քրիստոնյա մյուս փոքրամասնությունները ևս: Կառավարությանն արած մեր հարցումները՝ ինչ նպատակ ունեն ազգային փոքրամասնությունների նշագրումները, անպատասխան են մնում կամ անհամոզիչ պատասխաններ են տրվում: Ասում են, թե կոդերը հենց մեզ համար են՝ իբր թուրքական պետությանը փաստելու համար, որ մենք հայ ենք»,- ասաց Նալչին՝ առավել կասկածելի համարելով այն փաստը, որ նույն՝ 02 կոդն ունեն ոչ միայն թուրքաբնակ հայերը, այլև Թուրքիայում ծնված, սակայն այլ երկրում բնակվող հայերը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































