«Ալ-Քաիդայի» առաջնորդ Այման Ալ-Զավահիրիի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման արդյունքում պարզվել էր, որ սպառնում են ահաբեկչություններ, ինչի պատճառով էլ փակվել էին ԱՄՆ-ի տասնյակ դիվանագիտական ներկայացուցչություններ: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով հետախուզության տվյալներին:
Պարբերականի փոխանցմամբ՝ հատուկ ծառայություններին հաջողվել էր ծանոթանալ Զավահիրիի և Արաբական թերակղզու «Ալ-Քաիդայի» խմբավորման առաջնորդ Նասեր Ալ-Վայշիի միջև տեղի ունեցած խոսակցությունների բովանդակությանը:
Ստացված տվյալների օգնությամբ բացահայտվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ից ի վեր նախապատրաստվող լրջագույն դավադրություններից մեկը: Համաձայն բանակցությունների՝ ահաբեկչությունը կամ ահաբեկչությունները մտադիր էին իրականացնել կիրակի՝ օգոստոսի 4-ին, սակայն հատուկ ծառայությունները չեն կարողացել պարզել դրանց անցկացման ճշգրիտ վայրը:










































