Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ սկսվել է Արգիշտի Աբրահամյանի գործի դատավարությունը:
Նախկինում դատված 30-ամյա Արգիշտի Աբրահամյանը, լինելով Կենտրոնականի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրյալ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր, 2013 թվականի մայիսի 14-ին շատ ինքնատիպ եղանակով է ծանոթացել քրեական գործի նյութերին:
Ըստ մեղադրանքի՝ կալանավայրի քննչական գործողությունների համար նախատեսված սենյակում քրեական գործի նյութերին ծանոթանալու ընթացքում Աբրահամյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պատռելու եղանակով ոչնչացրել է ոստիկանության Կենտրոնականի բաժնում դեպքի վերաբերյալ իր կողմից տրված խոստովանական բացատրության և որպես կասկածյալ տված ցուցմունքի արձանագրությունները, որոնք պաշտոնական փաստաթուղթ էին հանդիսանում և առկա էին քրեական գործում:
Արգիշտի Աբրահամյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի 2-րդ մասով:







































