Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Ստամբուլում ելույթ ունենալով զարգացած երկրներում կանանց դերի թեմայով կոնֆերանսում, հայտարարել է, որ իսլամական աշխարհի ամենամեծ խնդիրն այն է, որ մուսուլմանները չեն պահպանում կրոնական ավանդույթներն ու միմյանց չեն համարում եղբայրներ։
Էրդողանն ընդգծել է, որ հենց դրանով էլ բացատրվում են իսլամական աշխարհի հակասությունները. «Խոսքը 1.7 միլիարդ մարդու մասին է։ Մենք չենք կարող այսօր լուծել հին խնդիրները, գլխավորապես Պաղեստինի հարցը, իսկ մեր ճանապարհին հայտնվում են նորանոր խնդիրներ։
Եթե դիտարկենք մեր տարածաշրջանի ու ընդհանրապես աշխարհի արյունահեղության փաստերը, ապա հստակ կդառնա, որ անարդարության ու ճնշման հիմնականում բախվում են մուսուլմանները։
Էլ ավելի վշտացնողն այն է, որ մուսուլմաններին հիմնականում սպանում են իրենք՝ մուսուլմանները։ Մուսուլմանաբնակ երկրների հարստությունները հիմնականում շահագործվում են մյուսների կողմից։ Նման իրավիճակն անթույլատրելի է»։
Էրդողանը հավելել է, որ եթե իսլամական երկրները միավորեն ջանքերը, ապա կկարողանան բոլոր խնդիրները լուծել առանց արտաքին ուժերի մասնակցության՝ ընդգծելով, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել էլ ավելի մեծ պատասխանատվություն։









































