Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի փոխանցմամբ՝ Հայաստանում դեմոգրաֆիական խնդիրները լուծելու համար պետք է աշխատանք տանել բոլոր հարթություններով։ «Այն երկրներում, որտեղ արտագաղթի մեծ արտահոսքեր կան, շատ բարդ է կառավարել կամ կարգավորել իրավիճակը: Մեր իշխանություններն ունեն միգրացիոն քաղաքականության հայեցակարգ, որը, սակայն, կոնկրետ խնդիրներ չի դնում արտագաղթը նվազեցնելու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ռ. Եգանյանը: Նրա փոխանցմամբ՝ փոփոխություններ են պետք բոլոր բնագավառներում: Միայն ծնելիությունը խթանելով՝ հնարավոր չէ կանգնեցնել արտագաղթը և վերականգնել դեմոգրաֆիական պատկերը:
Մեր այն հարցին, որ եթե նվազեցնեն ամուսնության սահմանված տարիքը, ավելի շա՞տ ամուսնություններ կգրանցվեն, նա պատասխանեց. «Եթե ամուսնության տարիքը նվազեցնեն, ոչինչ չի փոխվի: Եթե հնարավորություն չկա, ինչքան էլ պետությունն ասի՝ շուտ ամուսնացեք, մարդիկ չեն ամուսնանա: Եթե հնարավորություն չկա, ցանկությունը երկրորդական խնդիր է»:
Մեր զրուցակիցն ասաց նաև, որ կանանց հիմնական մասն այժմ ամուսնանում է մոտ 26 տարեկանում, իսկ տղամարդիկ՝ 30:
Նա ասաց նաև, որ այսօր արտագաղթողների զգալի տոկոս են կազմում հենց երիտասարդները, որովհետև նրանք իրենց ապագան չեն տեսնում Հայաստանում:
Նշենք, որ վերջին երեք տարիներին Հայաստանից արտագաղթողների թիվը հասել է 130 հազարի:











































