Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընն անհիմն է համարել Անկարային հասցեագրած արևմտյան մի շարք քաղաքական գործիչների հնչեցրած քննադատությունները՝ կապված Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման դեմ պայքարի հետ.
«Արևմուտքում շատերը քննադատում են մեզ, սակայն դեռ հայտնի չէ, թե ինչպես կվարվեին նրանք, եթե վերապրեին հեղաշրջման փորձ, ինչպիսին որ հուլիսի 15-ին տեղի ունեցավ Թուրքիայում։
Հետաքրքիր է, թե ինչպիսին կլիներ Արևմուտքի արձագանքը, եթե 30-40 տարի գաղտնի պատրաստությունից հետո որևէ ահաբեկչական կառույց ոչնչացներ հարյուրավոր մարդկանց ու փորձեր բռնի փոխել ժողովրդավարական կարգ։
Ընդ որում՝ կիրառվեին ինքնաթիռներ, տանկեր ու ինքնաձիգներ, որոնք գնվել էին հենց ժողովրդի միջոցներով։ Արևելյան ու Արևմտյան Գերմանիաների միավորման ժամանակ առանց վերականգնման իրավունքի պաշտոնանկ է արվել ավելի քան 500.000 մարդ։
Նրանց բոլորին կասկածել են Արևելյան Գերմանիայի հետախուզական կառույցների հետ կապերի համար։ Այսօր Թուրքիան ավելի ուժեղ է, քան՝ հուլիսի 15-ին։ Մենք ունենք կամք՝ լուծելու համար քաղաքական-տնտեսական, սոցիալական խնդիրները։ Դա ապացուցեց նաև օգոստոսի 7-ին Ստամբուլում անցկացված հանրահավաքը, որին մասնակցեց 5 միլիոն մարդ»։









































