Հյուսիսային Օսիայում՝ Բեսլանի մշակույթի տանը, ստեղծվել է ժամանակավոր տեղակայման կետ Պռավոբերեժնի շրջանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից հետո։ Այնտեղ կտեղավորեն 14 անձանց, որոնց բժշկական օգնություն չի պահանջվում։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Հյուսիսային Օսիայի ԱԻՆ Գլխավոր վարչության ներկայացուցիչը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսը, որում եղել է 52 մարդ, «Բեսլան-Վլադիկավկազ» («Կովկաս») ավտոմայրուղու 8-րդ կմ-ին բախվել էր բեռնատարի։ Զոհվել է 5 մարդ, հոսպիտալացվել 27-ը։ Տուժածները տեղափոխվել են Վլադիկավկազի հանրապետական կլինիկական հիվանդանոց և Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական հիվանդանոց։ Տուժածներից 4-ը 10-15 տարեկան երեխաներ են։
Տուժածների հետ աշխատում են հոգեբանները։
Նշվում է, որ բեռնատարը, որին բախվել է ուղևորատար ավտոբուսը, կայանված է եղել ճամփեզրին։









































