«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում, անդրադառնալով սեպտեմբերի 18-ին ՀՀ-ում անցկացված ՏԻՄ ընտրություններին, որտեղ ԲՀԿ-ն 56 ավագանու անդամի թեկնածու էր առաջադրել՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, նշեց, որ 7 համայնքներում համայնքապետ է ընտրվել ԲՀԿ-ական թեկնածու. «Սա հանգրվանային հաղթանակ եմ համարում, մեր ծրագրերը և գաղափարները հասու են շատ համայնքներում, դա լավ է: Սա լուրջ ստուգատես էր, և մենք հասկացանք, որ ճիշտ ուղու վրա ենք, մենք ավելի շատ պետք է աշխատենք, բնականաբար հետագայում ակնկալիքներն ավելի մեծ են լինելու»:
Մ. Մելքումյանի խոսքով, ի տարբերություն այսօրվա ընդդիմություն ներկայացնող ուժերի, որոնք միայն քննադատություն են անում, ԲՀԿ-ն նաև լուծումներ է առաջարկում:
Մ. Մելքումյանը, անդրադառանալով Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձի վերաբերյալ շրջանառվող խոսակցություններին, նշեց, որ Գագիկ Ծառուկյանի հիմնադիր լինելը ոչ ոք չի ժխտում, մարզերում շատերը չգիտեն, որ նա քաղաքականությունից դուրս է եկել, ԲՀԿ-ն կապվում է Գագիկ Ծառուկյանի անձի հետ, սակայն Գագիկ Ծառուկյանն ինքը պետք է որոշի և ասի՝ վերադառնաում է քաղաքականություն, թե ոչ. «Նրա փոխարեն չի կարող որևէ մեկն այդ մասին ասել. քաղաքականությունից հեռանալու մասին նրա հայտարարությունից հետո նոր երևույթներ տեղի չեն ունեցել»:
Անդրադառնալով հարցին, թե պատգամավորն ինչ հույսեր է կապում Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակման հետ, Մ. Մելքումյանը պատասխանեց, որ Կարեն Կարապետյանը կկարողանա փոփոխություններ անել և կհաջողի, եթե Սերժ Սարգսյանի որոշումների վրա 50/50 վետո դնելու իրավունք ունենա:
«Ես չգիտեմ, թե հանրապետության նախագահը և նոր վարչապետն ինչ են պայմանավորվորել այն հնարավորությունների իրականացման և տիրույթի մասին, որը վերապահված կլինի վարչապետին՝ կոռուպցիայի դեմ պայքարի, մենաշնորհների դեմ պայքարի, դատաիրավական համակարգի, կարգուկանոն հաստատելու, սցիալական վիճակի բարելավման վերաբերյալ, ինչպես նաև բանակի հետ կապված խնդիրների վերաբերյալ, որովհետև վարչապետը հանդիսանում է նաև ռազմաարդյունաբերական համալիրի հանձնաժողովի նախագահը»,- ընդգծելով, որ կախված նախագահի հետ պայմանավորվածություններից, թե ինչ լիազորություններ են վերապահված վարչապետին, կլինեն հաջողություններ»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































