«Մանչեսթեր Յուանյթեդ»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան մեկնաբանել է իր վերադարձը, ինչպես նաև կարծիք է հայտնել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին, ով նույնպես համալրել է «կարմիր սատանաներ»-ի կազմը նախորդ ամռանը:
«Հիանալի թիմ ունենք, որը ցանկանում է Անգլիայի չեմպիոն դառնալ: «Մանչեսթեր Յուանյթեդ»-ը գլխավորում է գերազանց մարզիչ, իսկ թիմի կազմում հանդես են գալիս բարձրակարգ ֆուտբոլիստներ:
Նպատակս է միշտ լինել առաջինը: Լինել լավագույնը նշանակում է նվաճել Անգլիայի չեմպիոնի տիտղոսը: Դա բոլորիս նպատակն է և այն է, ինչ պետք է անել:
Ցանկանում ենք նաև Չեմպիոնների լիգա վերադառնալ: Մենք պետք է տեղ ունենանք այդ մրցաշարում: Ինչ վերաբերում է Զլատան Իբրահիմովիչին, ապա նա ավագ եղբայր է բոլորիս համար: Նա միշտ կատակում է, օգնում թուլանալ, իսկ խաղադաշտում էլ հաղթող է»,- Manchester Evening News-ը մեջբերում է Պոգբայի խոսքերը:









































