Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը հայտարարություն է տարածել՝ ասելով, որ Իրանի հետ ԱՄՆ-ի հաստատած համաձայնությունը որևէ կերպ չի կարող պարտադրող լինել իսրայելական կողմի համար։
«Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում։ Իսրայելը չի ենթարկվում Միացյալ Նահանգներին։ Մենք անկախ և ինքնիշխան պետություն ենք»,- գրել է նա X-ի իր էջում։
Նախարարը հայտարարել է, որ իրենք ապահովելու են Իսրայելի անվտանգությունը։ «Ամեն անգամ, երբ մենք Իսրայելի անվտանգության հաշվին ենթարկվել ենք միջազգային ճնշման, մենք վճարել ենք արյան գին՝ տոկոսներով․․․ Մենք ընդգծում ենք, որ սիրում ենք ԱՄՆ-ին և շնորհակալ ենք նախագահ Թրամփին։ Սակայն Իսրայել պետությունը «բանանային հանրապետություն» չէ։
Ես այս խոսքերը մշտապես ասում եմ վարչապետին և կրկնում եմ փակ քննարկումներում յուրաքանչյուր կարևոր պատմական շրջադարձի ժամանակ. պատմական պահերին պետք է ընդունել պատմական որոշում։
Իմ դիրքորոշումը հստակ է՝ մենք այս համաձայնագրի կողմը չենք, այն չի ապահովում մեր անվտանգությունը, և մեզ որևէ կերպ որևէ բան չի պարտադրում»,- հայտարարել է Իսրայելի ազգային անվտանգության նախարարը։
Նա հավելել է նաև, որ իսրայելական կողմը չպետք է դուրս գա «Լիբանանի որևէ տարածքից, որը մեր զինվորները գրավել են»։









































