Բելգիայի ԱԳՆ ղեկավար Դիդյե Ռեյնդերսը հույս է հայտնել, որ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպմանը կհայտարարի մահապատժի մորատորիումը պահպանելու Անկարայի մտադրության մասին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Շաբաթ օրը ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարները Բրատիսլավայում ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում Չելիքի հետ կքննարկեն իրավիճակը Թուրքիայում:
«Մենք պետք է քննարկենք ահաբեկչության դեմ պայքարում ընդհանուր լեզու գտնելու անհրաժեշտությունը: Եթե դուք արտահանձնում եք պահանջում, հետապնդում, պետք են ապացույցներ, կոնկրետ տվյալներ: Մեզ պետք է, մի կողմից, երկխսություն որակյալ գործընկերության մասին, բայցև պետք է հիշեցնել, որ եթե Թուրքիան վերադարձնի մահապատիժը, եվրոպական ուղին դրանով կավարտվի: Ես հուսով եմ՝ այդ հարցի վերաբերյալ, առնվազն, մենք կլսենք, որ մահապատժի արգելքի չեղարկման հարցը դրված չէ»,- նիստից առաջ լրագրողներին ասել է Ռեյնդերսը:









































