Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը մտադիր չէ միավորել WhatsApp և Messenger հավելվածները, քանի որ դրանք նախատեսված են շփման տարբեր ձևերի համար։
«Ես կարծում եմ՝ ճիշտ կլինի, որպեսզի դրանք առանձին աշխատեն»,- հայտարարել է նա Նիգերիա ուղևորության ժամանակ։ 2014 թվականին Facebook-ը 19 մլրդ դոլարով ձեռք է բերել WhatsApp-ը, իսկ վերջերս WhatsApp-ը հայտարարել էր, որ օգտատիրական տեղեկություններով կկիսվի Facebook-ի հետ։
Ցուկերբերգը կարծում է, որ երկու հավելվածները օգտատերերի տարբեր ցուցակներ ունեն։ «Մարդկանց հարմար է WhatsApp-ն օգտագործել՝ մոտ ընկերների հետ մշտապես շփվելու համար, իսկ Messenger-ում նրանք շփվում են ոչ պարբերաբար»,- Ցուկերբերգի խոսքերն է մեջբերում հարավաֆրիկյան News24 գործակալությունը։
Երկու հավելվածներն էլ ունեն ավելի քան 1 մլրդ օգտատեր։ Նիգերիան Ցուկերբերգի համար Աֆրիկայի խոշորագույն շուկան է՝ 18 մլն օգտատերով։
«Այստեղ ինձ ցնցել է ձեռնարկատիրական էներգիան։ Հենց այստեղ կստեղծվի ապագան։ Հենց աշխարհը գիտակցի Աֆրիկայից եկող էներգիան, մայրցամաքը կսկսի փոխել աշխարհը։ Սակայն դրա համար պետք է ակտիվորեն համացանցային հասանելիություն տրամադրել»,- ասել է նա։








































