Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ քրդական քաղաքական շարժման ներկայացուցիչներն անժամկետ և անբեկանելի հացադուլ սկսելու որոշում են կայացրել։
Նրանք պահանջում են հանդիպում քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ, որը 1999 թվականից ցմահ ազատազրկում է կրում Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտում։
Ընդգծվում է, որ արդեն 500 օր է, ինչ քուրդ գործիչները չեն հանդիպել Օջալանի հետ։ Հացադուլի որոշման մասին քրդական քաղաքական ուժերի (DTK, BDP, HDK, KJA) անունից հայտարարել է քուրդ ականավոր գործիչ Հաթիփ Դիջլեն։
Նրա խոսքերով՝ հացադուլը մեկնարկելու է սեպտեմբերի 5-ին, սկզբնական շրջանում դրան մասնակցելու է 50 քուրդ քաղաքական գործիչ։ Նրանց չեն գոհացնում Օջալանի բանտային պայմանները, և որ արդեն 510 օր է, ինչ ամենափոքր իսկ լուր չունեն Օջալանից։
Օջալանի առողջական ու անվտանգության վիճակի վերաբերյալ մտավախություններն ուժգնացել են հուլիսի 15-ին Թուրքիայում կատարված ռազմական հեղաշրջման փորձի պատճառով, որից արդեն անցել է 46 օր։






































