Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիային ուղարկել քիմիական զենքից պաշտպանվելու համալիրներ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգին:
Լոնդոնը սիրիական բանակի դեմ կռվող ուժերի պաշտպանության ապահովումը համարում է «հրատապ» հարց: Գործակալության տրամադրության տակ գտնվող նամակի պատճենում, որը ԱԳՆ-ն ուղարկել է խորհրդարան, նշվում է, որ մինչև օգոստոսի 3-ը սիրիական կողմը կստանա 5000 պաշտպանիչ դիմակ, նյարդա-կաթվածային գործողությամբ թունավոր նյութերի հակաթույն, թունավոր նյութերի առկայության ինդիկատորներ:
Նամակում Հեյգն ընդգծում է, որ սիրիական բանակը կարող է գրոհայինների դեմ օգտագործել տարբեր նյութեր, այդ թվում՝ զարին:
«Ապացույցներ կան, որ Սիրիայում օգտագործվել են քիմիական տարբեր զենքեր, նաև զարին: Մենք համոզված ենք, որ քիմիական զենք կիրառվել է Ասադի վարչակարգի հրամանով»,- ասվում է փաստաթղթում:








































