Իրանի ԱԳՆ-ն անհանգստություն է հայտնել՝ կապված Սիրիայում շարունակվող թուրքական ռազմական գործողության հետ՝ նշելով երկրի ինքնիշխանության պահպանման անհրաժեշտությունը։ Այս մասին հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Ահաբեկչության դեմ պայքար մղելու և տարածաշրջանային անվտանգության վերականգնման ջանքեր ձեռնարկելու տարածաշրջանի խաղաղասեր ազգերի ձգտումը չի կարող հիմք լինել Սիրիայի տարածքային ամբողջականության խախտման և առանց սիրիական իշխանությունների հետ համաձայեցման մարտական գործողությունների անցկացման համար»,- ասել է Ղասեմին։․
Նա նաև հավելել է, որ Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայի տարածքում միայն բարդացնում է տարածաշրջանային իրավիճակը։ Ղասեմիի խոսքով՝ անհրաժեշտ է, որպեսզի թուրքական բանակն անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունը Սիրիայում։
Ավելի վաղ Թուրքիան, ի պատասխան քննադատության, հայտարարել էր, որ ոչ ոք չի կարող իրեն պայման թելադրել, թե ինչպես պաշտպանել թուրք ժողովրդին։









































