Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովն ուղեղի արյան զեղում է տարել, նա վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը կայուն է: Այս մասին հայտնել է պետության ղեկավարի դուստրը՝ Լոլա Քարիմովա-Տիլյաևան իր Instagram-ում:
«Ուղեղի արյան զեղման պատճառով, որը տեղի է ունեցել օգոստոսի 27-ի առավոտյան, նա հոսպիտալացվել է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրա վիճակը գնահատվում է կայուն»,-գրում է Քարիմովա-Տիլյաևան:
Նրա խոսքով՝ «ներկա պահին դեռ վաղ է որևէ կանխատեսում անել նրա ապագա վիճակի վերաբերյալ»:
Ավելի վաղ տարածվել է Ուզբեկստանի կառավարության պաշտոնական հայտարարությունը, որում ասված է, որ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը գտնվում է հիվանդանոցում: «Մասնագետների կարծիքով՝ ամբողջական բժշկական հետազոտությունը և հետագա բուժումը որոշակի ժամանակ կպահանջի»,- նշվում է նախարարների կաբինետի հաղորդագրության մեջ:
Իսլամ Քարիմովն Ուզբեկստանը գլխավորել է 1989 թվականին՝ զբաղեցնելով Ուզբեկստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը: Նա երկրի նախագահ է ընտրվել 1990 թվականի մարտի 24-ին Ուզբեկական ԽՍՀ-ի Գերագույն խորհրդի նստաշրջանում:
Ավելի ուշ նա հաղթանակ է տարել 1991 թվականի համաժողովրդական ընտրություններում և այն ժամանակվանից անփոփոխ կերպով զբաղեցնում է նախագահի պաշտոնը: 2002 թվականի փետրվարի 27-ին կայացած հանրաքվեի ընթացքում որոշում է ընդունվել նախագահի լիազորությունների ժամկետը 5-ից երկարացնել մինչև7 տարի։











































