Թրամփը հերթական անգամ փոխել է իր դիրքորոշումն անօրինական ներգաղթյալների հանդեպ։ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուն CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ընտրություններում հաղթանակի դեպքում ինքը չի դիտարկի անօրինական ճանապարհով երկրում հայտնված և ԱՄՆ-ում բնակվող օտարերկրացիներին օրինական կարգավիճակ տրամադրելու հարցը։
«Նրանք չեն կարող օրինական կարգավիճակ ստանալ, քանի դեռ չեն լքի երկիրը, այնուհետև կրկին վերադառնան»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ երբ նրանք վերադառնան օրինական ճանապարհով, կարող են սկսել հարկեր վճարել, այլ կերպ լինել չի կարող։
Թրամփը հայտնել է, որ իր ընտրվելու առաջին իսկ օրը ինքը հրաման կարձակի «վատ տղաների» արտաքսման մեկնարկի մասին՝ նկատի ունենալով ԱՄՆ տարածքում գտնվելու ժամանակ հանցագործություն իրականացրած անօրինական ներգաղթյալներին։ Նման անձանց թիվը, նրա կարծիքով՝ «միլիոնների է հասնում»։ Հանրապետականը հրաժարվել է հստակեցնել՝ արտաքսումը կանդրադառնա՞ այն ներգաղթյալների վրա, որոնք իրավախախտումներ թույլ չեն տվել։ «Առկա է մեծ հավանականություն, որ այդպես էլ կլինի, սակայն դեռ կտեսնենք»,- ասել է միլիարդատերը։
Երեքշաբթի Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել էր, որ չի բացառում իր կոշտ դիրքորոշման փոփոխում ներգաղթյալների հանդեպ, նույնիսկ կարող է դիտարկել առկա օրենքների մեղմացման հնարավորությունը, որոնք վերաբերում են ԱՄՆ-ից անօրինական ներգաղթյալների արտաքսմանը, ովքեր երկրում ապրում են տևական ժամանակ, ունեն ընտանիք և դաստիարակում են երեխաների:









































