Նախօրեին Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Նախախորհրդարան» նախաձեռնության հանրահավաքը: «Նախախորհրդարանի» քարտուղար, արցախյան պատերազմի մասնակից Ժիրայր Սեֆիլյանը երեկ հայտարարեց, որ առաջիկա երկու ամիսներին ձևավորելու են այլընտրանքային ընտրությունների ընտրական հանձնաժողովներ, 65 հոգանոց հիմնադիր խորհրդարան: Սեֆիլյանը կոչ արեց Հայկական վերածնունդին սկսել ցուցակագրումը այն մարդկանց, ովքեր պատրաստ են մասնակցել հայոց ընտրություններին:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Նախախորհրդարան» նախաձեռնության անդամ, դիրիժոր Վարդան Հակոբյանն ասաց, որ սխալ են տպավորությունները, թե «Նախախորհրդարանը» պատրաստվում է քաղաքական օրակարգ ձևավորել աշնանը: Նրա խոսքով՝ քաղաքական օրակարգ ձևավորելու ուղղությամբ գործողություններ պետք է իրականացվեն ամեն օր, ամեն վայրկյան, ինչին էլ հենց «Նախախորհրդարանի» բոլոր շրջայցերն ու աշխատանքներն ուղղված են: Վարդան Հակոբյանի կարծիքով՝ մարդկանց մոտ պետք է արթնացվի գիտակցությունը, որ սեփական անձից և մտածելակերպից են կախված երկրում իրականացվելիք փոփոխությունները: «Նախախորհրդարանը կարևորում է յուրաքանչյուր մարդու դերը իշխանափոխության գործընթացում: Յուրաքանչյուր մարդ ամենաքիչը այլընտրանքային ընտրության քվեարկող է, առաջամարտիկ, քարոզիչ: Այդ գիտակցությունը բերում քաղաքական ակտիվության և քաղաքական օրակարգի ձևավորման: «Նախախորհրդարանը» դատարկ տեղը հույսը չի դնում հանրային կոնսոլիդացիայի վրա, կոնսոլիդացիան ապահովելու համար ամեն մարդու հետ անհատական աշխատանք է պետք իրականացնել: Ուստի մենք փողոց առ փողոց, բակ առ բակ փորձում ենք հասկացնել մարդկանց արժևորել իրենց»,- ասաց Վարդան Հակոբյանը՝ հավելելով, որ դա արդեն հեղափոխություն կլինի:
Հարցին, թե «Նախախորհրդարանն» ակնկալո՞ւմ է քաղաքական ուժերից աջակցություն, պատասխանեց, որ պետք է հասկանալ , թե ինչ է նշանակում քաղաքական ուժ: Ըստ նրա՝ եթե քաղաքական ուժեր ասելով նկատի ունենք որոշ կուսակցությունների վերնախավին, ապա նրանք մշտական առևտրի մեջ են եղել իշխանության հետ, իսկ իրականում քաղաքական ուժը բաղկացած է ազնիվ մղումներ ունեցող քաղաքացիներից, որոնց պետք է տարանջատել քաղաքական ուժերի վերնախավերից: «Քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները «Նախախորհրդարանի» շրջանակում անելիք ունեն: Միասին մենք կիրականացնենք այլընտրանքային ընտրություններ, որից հետո ստեղծված նոր երկրում և համակարգում կարելի կլինի իրականացնել իսկական արդար ու թափանցիկ ընտրություններ, որտեղ արդեն բոլոր կուսակցությունները կարող են մրցել հավասար պայմաններում»,- ասաց Վարդան Հակոբյանը:
Վերջինս ընդգծեց, որ «Նախախորհրդարանի» ծրագիրը կհաջողվի այն ժամանակ, երբ ժողովուրդը հավատա ինքն իրեն: «Նախախորհրդարանն առաջարկում է իրական տարբերակ: Միայն համակարգից դուրս կարող են լինել իսկական ընտրություններ, որոնք պետք է կազմակերպի հանրային հեղինակություն ունեցող անձանցից կազմված Ընտրական հանձնաժողովը: Իսկ որպեսզի սա դառնա իրականություն, անհրաժեշտ է ժողովրդի ինքնագիտակցության արթնացումը և մասնակցությունը», – եզրափակեց իր խոսքը Վարդան Հակոբյանը:








































